«Հայկական ավիացիան նորից հանձնվեց նրա ձեռքը, ում ձեռքով քանդվեցին «Հայկական ավիաուղիները»,- հիասթափված ասում էին խմբագրություն զանգահարած «Հայկական ավիաուղիներ» ընկերության նախկին աշխատակիցները, ովքեր 10 տարուց ավելի տարին մեկ-երկու անգամ կառավարության շենքի առջև պահանջում են իրենց աշխատավարձերը։
Ինչ նկատի ունեին մեզ դիմած ավիատորները, ովքեր համոզված էին, որ հայկական ավիացիան այն քանդողի ձեռքում է կրկին։ «Հայկական ավիաուղիներ» ընկերության սնանկացումից հետո ընկերության ամբողջ շարժական և անշարժ գույքը հանձնվեց «Էյր Արմենիա» բեռնափոխադրող ընկերությանը պարտավորությամբ` եղած շարժական և անշարժ գույքը վաճառել և այդ գումարներով փակել «Հայկական ավիաուղիների» բոլոր պարտքերը` և՛ աշխատավարձերը, և՛ մյուս ընկերություններին տրվելիքը։ Սակայն գույքը օտարվեց «Էյր Արմենիայի» կողմից, իսկ աշխատավարձերի պարտքը չփակվեց։ «Մինչ օրս էլ շատ աշխատողներ պայքարում են իրենց քրտինքի համար, իսկ ոմանք այդ գումարները թալանեցին»,- պարզաբանեցին նախկին «Հայկական ավիաուղիների» աշխատակիցները։
Ավիացիայի վարչությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ` 2010-ին նոր միայն փակվել են «Հայկական ավիաուղիների» որոշակի պարտքերը տարբեր ընկերություններին։ Հիշեցնենք, որ պետությունը պարտք էր ոչ միայն աշխատողներին, այլև ավիացիային, օդանավակայաններին և բոլոր այն կառույցներին, որոնց հետ առնչվում է ավիացիան։ Հետաքրքիրն այն է, որ ավիացիայի վարչությանը մոտ կանգնած նույն աղբյուրը ևս փաստում է, որ «Հայկական ավիաուղիներ» ընկերության ողջ շարժական և անշարժ գույքը հանձնված է եղել «Էյր Արմենիա» ընկերությանը, որպեսզի նա դրանք վաճառի և վաճառքից առաջացած գումարով փակի «Հայկական ավիաուղիների» բոլոր պարտքերը։ Բայց ամեն տարի կառավարության շենքի առջև հավաքված «Հայկական ավիաուղիներ» ընկերության աշխատակիցների իրավացի պահանջն ապացուցում է, որ այդ պարտքերը չեն փակվել։
Իսկ ի՞նչ են եղել այն գումարները, որոնք առաջացել են «Հայկական ավիաուղիներ» ընկերության շարժական և անշարժ գույքի վաճառքից։ Գուցե դրանք չե՞ն վաճառվել կամ էլ շատ չնչին գումարո՞վ են վաճառվել։ «Ի՞նչ եք խոսում, մեր ընկերությունը պետական էր, Խորհրդային Միության ստեղծածը, պատկերացնո՞ւմ եք, ինչքան օդանավեր և անշարժ գույք ուներ «Հայկական ավիաուղիները», չե՛ք պատկերացնում։ Միայն օդանավերը ութն էին, յուրաքանչյուրի արժեքը` 4-8 մլն դոլար։ Մեր ընկերության ողջ գույքը` շարժական, թե անշարժ, վաճառել է «Էյր Արմենիա» ընկերությունը, որովհետև պետությունն այդ գործը նրան էր վստահել։ Իսկ հիմա նորից նույն «Էյր Արմենիային» են վստահում, այս անգամ ուղևորափոխադրումները»,- զայրացած ասացին «Հայկական ավիաուղիներ» ընկերության նախկին աշխատակիցները, հավելելով` «տերովին տերն է տարել, անտերին` գելը»։ Իսկ գայլը, պարզվում է, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի եղբայրն է, ում պատկանում է այսօրվա «Էյր Արմենիա» ընկերությունը։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ